<< ՀԱՅԿԻ ՆԵՏԸ >> ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ

11:57 - 20 Հոկ, 2023

Նետաձգություն մարզաձևից միջազգային կարգի սպորտի վարպետի Հայաստանի փոքրաթիվ մարզիկների շարքը համալրեց Անդրեյ Հովհաննիսյանը: Նման հաջողության նա հասավ Վրաստանի Բաթումում սեպտեմբերի առաջին տասնօրյակում անցկացված միջազգային մրցաշարում: Այնտեղ էր, որ մասնակից վեց երկրների պատվիրակությունների ղեկավարները հիշել են  Երևանում 1969 թ. հիմք դրված << Հայկի նետ >>  անվանումով համամիութենական մրցաշարը, գովաբանել դրա կազմակերպվածությունը, մրցափորձի առումով մեծ նշանակությունը, երևանցիների ջերմ վերաբերմունքը . . .  

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ասել է, որ համաձայնության դեպքում, մեկ ամիս հետո, ստույգ ՝ հոկտեմբերի 16  - ին, պատրաստ է  Երևանում դիմավորել ցանկացողներին:

Տունդարձից հետո, ավելի քան կես ամիս, երևանցի մասնագետը գործող նետաձիգների հետ, օրնիբուն աշխատեց, ցանկալի տեսքի բերեց ՀՀ ԲԿՄԱ - ի մարզահամալիրի ասպարեզը /  օլիմպիական կրկնակի և աշխարհի հնգակի  չեմպիոն Իգոր Նովիկովի պատվին կառուցված, աշխարհում նմանը չունեցած պատանի հնգամարտիկների հանրապետական նախկին մարզադպրոցը /:

Պատրաստեցին և վերանորոգեցին 20 - ից ավելի թիրախներ, հեռացրին եղած աղբը, կարգավորեցին մրցումներին անհրաժեշտ ծառայությունների սենյակները և այլն:

Այդպիսով, տասնամյա ընդմիջումից հետո, կրկին կյանքի կոչվեց << Հայկի նետը >> ,   բայց՝  միջազգայինի  համարումով:

Մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Արաբական Միացյալ էմիրությունների ավելի քան   80 մարզիկ – մարզուհիներ:  Նրանք ներկայացնում էին տարիքային չորս խումբ.  12 – 14 , 14 – 18, 18 – 20 և ավելի բարձր տարիքի:

Նշանառուներն իրենց դիպուկությունը դրսևորեցին համապատասխանաբար 18, 40, 60 և 70մ. հեռավորություններից:

Մեծահասակաների ստուգատեսում / 70մ. + 70 մ. վարժություն /  լավագույն եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Վասիլ Շահնազարյան / Հայաստան, 136 միավոր /,  Ջավա Մաշեշվիլի / Վրաստան, 134 / և   Ամիր Սանդուև / Ղազախստան, 132 /:

Կանանց եռյակը հետևյալ տեսքն ունեցավ.  Մաբինա Զոյիմավա / Ղազախստան /, Չիկո Բուտկարաձե /  Վրաստան / և  Արփի Վարդանյան / Հայաստան /:

Պատանիների և երիտասարդների անհատական պայքարում առաջատար էին տանտերերը:

Մասնակիցները հիրավի գոհ եղան պայմաններից, աշնանային եղանակից, կազմակերպիչների ջերմ ընդունելությունից և կրկին վերադառնալու ցանկությամբ՝ հրաժեշտ տվեցին  հայոց մայրաքաղաքին:

Մրցաշարի կայացմանը որոշակիորեն նպաստեցին մարզաձևի համապետական ֆեդերացիան և  նախկին նետաձիգ Արմեն Սարգսյանը:

Այլ նորություններ